«Այ Փի Էս Սի» -ն՝ Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը պաշտոնապես հիմնադրվել է 2008թ. հոկտեմբերին: Մինչև այդ, երկու տարուց ավելի հետազոտական ինստիտուտի մասնագետները աշխատում էին «Հայկական քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվություն» անվան տակ և ներգրավված էին միայն քաղաքական հետազոտությունների և խորհրդատվությունների ոլորտում:

Ելնելով աշխատանքների ծավալի աճի, հետազոտությունների նոր մեթոդաբանության և նոր ոլորտների ներառման  անհրաժեշտությունից՝ ակնհայտ էր, որ կազմակերպությունը ոչ միայն անցկացնում է հարցումներ և տրամադրում խորհրդատվություն, այլ նաև մշակում է նոր հետազոտական ռազմավարություններ, որակի ստուգման ու վերահսկման չափանիշներ և ստանդարտներ, ներկայացնում է տարբեր թեմաներով հաշվետվություններ: Այսպիսով, ընդունվեց հիմնավորված որոշում՝ վերանվանվել ինստիտուտ: Ներկայում «Այ Փի Էս Սի»-ն զբաղվում է, սակայն չի սահմանափակվում կարծիքների ուսումնասիրությամբ և տարբեր ոլորտներում հետազոտություններով, նաև կազմում է հաշվետվություններ և զբաղվում է խորհրդատվությամբ, աշխատում է պետական կառույցների, ձեռնարկությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքված են օբյեկտիվ արդյունքների և տվյալների բազայի հիման վրա տրվող խորհրդատվություններով:

Չորս տարիների ընթացքում «Այ Փի Էս Սի»-ի անձնակազմը իրականացրել է ավելի քան 60 հետազոտություն և հարցման ենթարկել 110.000-ից ավել մարդկանց` օգտագործելով որակական և քանակական զանազան մեթոդներ: Տարբեր ժամանակներում Ինստիտուտի կողմից աշխատանքի է ընդունվել ավելի քան 270 մարդ և մինչև օրս կազմվել է 3000 էջից ավել հաշվետվություններ: Հաշվի առնելով վերոնշյալը` մենք մեզ արդարացիորեն համարում ենք Հայաստանում հեղինակավոր և արագ աճող սոցիոլոգիական ընկերություններից մեկը, որի դիտակետում ոչ միայն տեղական շուկան է, այլ նաև նպատակաուղղված է միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ աշխատանքների իրականացմանը:
«Այ Փի Էս Սի»-ի առաջիկա ծրագրերում կարևորագույն տեղ է զբաղեցնում ԶԼՄ մոնիտորինգի համակարգի և Վերապատրաստման բաժինների ստեղծումը: Մենք համոզված ենք, որ ձեռքբերված գիտելիքներով և փորձով կարող ենք այս երկու բաժինները դարձնել գործուն և հետաքրքիր ինչպես հաճախորդների, այնպես էլ լայն հանրության համար: